Տուրիզմի ոլորտի մասնագետներն ակնկալում են Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 15 տոկոս աճ

Տուրիստները զրուցում են «Ազատության» լրագրողի հետ, 5-ը հուլիսի, 2019 թ.

Տուրիզմի ոլորտի մասնագետներն այս տարի ակնկալում են Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 10-15 տոկոս աճ։

«Դա պայմանավորված է տարիների ընթացքում ձևավորված ռեսուրսով, կատարված աշխատանքներով և դրան գումարած նաև հեղափոխական գործընթացների շրջանակում Հայաստանի համաշխարհային հանրությանը ներկայացվածության, ճանաչելիության բարձրացմամբ», - ասաց Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Անցած տարի Հայաստան է ժամանել ավելի քան 1,6 միլիոն զբոսաշրջիկ։ Ապրեսյանի խոսքով՝ մեծ թվով զբոսաշրջիկներ ժամանում են Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից ու Իրանից, սակայն իրանցիների այցելությունները նվազել են:

«Բայց եվրոպական երկրներից աճ ունենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներից աճ ունենք, հեռավոր արևելյան երկրներից աճ ունենք», - նշեց Ապրեսյանը։

Լիլիանն ու Ջոսեֆը Հայաստանում իրենց մեղրամիսն են վայելում․ «Եկել ենք Հայաստան մի երկու շաբաթով, հիմա գնալու ենք Հունաստան»։

Լիլիանի ամուսինն Իռլանդիայից է, զույգը ծանոթացել է ինքնաթիռում, երբ հայազգի աղջիկը մեկնում էր Դուբլինից։

«Նա մի քանի անգամ Իռլանդիայում է եղել, հիմա իմ հերթն էր գալու, love it, սիրում եմ», - ասաց Ջոսեֆը։

Երեք օր է ինչ Հայաստանում են, բայց իռլանդացին հասցրել է իր համար հստակեցնել՝ ի՞նչն է ամենաշատը հավանել։ - «Սնունդը և մարդկանց ու երաժշտությունը, ինչպես նաև խմիչքները, հայկան գարեջուրը հիանալի է», - նշեց Լիլիանի ամուսինը։

Իտալացի կինը նույնպես առանձնացնում է հայկական գարեջուրը, ուտեստներից էլ շատ է հավանել պանրի տեսակները. «Ամեն ինչն եմ սիրում, Հայաստանը Վրաստանից շատ եմ հավանում»։

Մեզ հանդիպեցին նաև զբոսաշրջիկներ, որոնք առաջին անգամ չէ, որ Հայաստանում են, շեշտում են՝ ամեն այցի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են նկատում։

«Երևանն է շատ փոխվել, շենքերը, ճանապարհները շատ լավն են։ Ամեն տարի ավելի ու ավելի լավն է դառնում», - ասացին նրանք։

Ամռան այս սեզոնին զբաղված են հատկապես փոքրիկ հյուրատների սեփականատերերը, որոնցում շատ հաճախ ընտանիքներով են աշխատում: Գառնիում գտնվող հյուրատներից մեկում դժգոհ չէին, այս տարի հյուրերի պակաս չեն ունեցել։

Այստեղ գիշերելը կարժենա 5-7 հազար դրամ, տան հարսի՝ Անիի խոսքով, իրենք նաև ընթրիք են պատրաստում, դրա համար պետք է առանձին վճարել։

Այդուհանդերձ եղածով բավարարվել պետք չէ, Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ, պետք է բարձրացնել ծառայությունների որակը՝ չհիասփեցնելով հյուրերին։ Ըստ նրա, եթե ձեռք բերվածը կորցնենք, 10 տարին անգամ քիչ է լինելու այն վերականգնելու համար: