«Իմ սիրտը վրացի ցուցարարների հետ է». Նինո Կատամաձեն հրաժարվել է ռուսաստանյան համերգներից

Վրացի երգչուհին ռուսաստանյան համերգներից մեկի ժամանակ, արխիվ

Վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն ռուս-վրացական վերջին զարգացումների պատճառով հրաժարվել է ռուսաստանյան համերգներից։

«Ռուսաստանն օկուպանտ է՝ մեր ընդհանուր թշնամին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կատամաձեն՝ հավելելով. - «Իմ սիրտը վրացի ցուցարարների հետ է»։

Երգչուհին ընդգծել է, որ առաջին իսկ վայրկյանից նույն զգացումներն է ունեցել, երբ տեսել է ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռին։

Նինո Կատամձեն շատ հայտնի է Ռուսաստանում։ Նրա համերգներն այնտեղ միշտ անցնում են թեփ-լեցուն դահլիճներում։ Վերջին անգամ երաժիշտը Մոսկվայում համերգ է տվել հունիսի 22-ին։

«Ես չէի կարող չեղարկել այդ համերգը, որովհետև համերգին հատուկ մասնակցել է նաև իմ 9-ամյա կույր երկրպագուն, բայց դա իմ վերջին համերգն էր Ռուսաստանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կատամաձեն։

Ռուս-վրացական հարաբերությունները, հիշեցնենք, կրկին սրվեցին հունիսի 20-ին. Վրաստանի խորհրդարանում Գավրիլովի ելույթի պատճառով հազարավոր վրացիներ դուրս եկան Թբիլիսիի կենտրոնական հրապարակ ու պողոտա՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի խոսնակի և ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոշտ հայտարարությունից հետո, որում նա կատարվածի համար մեղադրեց Ռուսաստանի իշխանություններին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց հունիսի 8-ից բոլոր չվերթները դեպի Վրաստան, իսկ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարեց, որ վրացական գինիները պետք է արգելվեն, քանի որ վատ որակ ունեն։

Նախօրեին «Ռոսպոտրեբնադզոր»-ը (Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայություն) Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ստուգման են ենթարկվել Բաթումիից ժամանած ուղևորները։ Թե ինչո՞ւ են ստուգումներն իրականացրել հենց Բաթումիից ժամանած ուղևորների շրջանում, գերատեսչությունը չի հստակեցրել։