Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 25-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։

Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։

Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։

Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանայի կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։