Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը կմեկնի Վենեսուելա

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտնել է, որ առաջիկա շաբաթներին կմեկնի Վենեսուելա:

Ռուսաստանը սատարում է քաղաքական ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգին:

Միացյալ Նահանգները և շուրջ հինգ տասնյակ այլ պետություններ, այդ թվում՝ Հարավային Ամերիկայից, պնդում են, որ Մադուրոն պետք է ազատի պաշտոնը, և Վենեսուելայի անցումային նախագահ են ճանաչել այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Մադուրոյին սատարում են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Հարավային Ամերիկայի մի շարք պետություններ:

Ռուսաստանը Մադուրոյի ռեժիմին վարկեր և զենք է տրամադրում: Մարտին ռուսաստանցի հարյուր զինվորականներ գործուղվել են Վենեսուելա:

Մադուրոն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2013 թվականին, ապա 2018-ին վերընտրվել է:

Ըստ իրավապաշտպանների և միջազգային դիտորդների, երկու դեպքում էլ Մադուրոն կեղծիքների շնորհիվ է ընտրվել: Ընդդիմությունը բոյկոտել էր 2018 թվականի ընտրությունները: