Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտներին

Ղրղըզստանից աշխատանքային միգրանտ Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններից ներգաղթած աշխատանքային միգրանտներին: Նման որոշում կընդունվի միության կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի շրջանակներում, որը նախատեսվում է ստոորագրել առաջիկայում, հաղորդում է РБК-ն:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այժմ ԵԱՏՄ անդամ պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից ներգաղթյալները վճարումներ են կատարում Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամում, սակայն կենսաթոշակ չեն ստանում: Փաստաթղթի համաձայն՝ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և վճարումներ կատարել Կենսաթոշակային հիմնադրամին, նրան կենսաթոշակ կվճարի նույնիսկ հայրենիք վերադառնալուց հետո:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա աշնանը: