Հոնկոնգի ոստիկանությունը ցրել է արտահանձնման մասին օրինագծի դեմ բողոքող ցուցարարներին

Հունիսի 9-ի բողոքի ցույցը Հոնկոնգում

Չինաստանի հատուկ վարչական շրջան հանդիսացող Հոնկոնգի ոստիկանությունն այսօր լուսադեմին ցրել է տեղական խորհրդարանի հարևանությամբ ընթացող բողոքի գործողության մասնակիցներին:

Reuters գործակալության տեղեկություններով՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ հատուկ միջոցներ, մասնավորաբար՝ ջրցան մեքենաներ և մահակներ է կիրառել: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու կողմից էլ վիրավորներ կան:

Բողոքի ակցիաները Հոնկոնգում սկիզբ առան, երբ վարչական շրջանի խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց մի օրինագիծ, որով թույլատրվում է հանցագործությունների մեջ կասկածվող անձանց արտահանձնումը Չինաստանին: Հոնկոնգի իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ օրինագծի ընդունումը Պեկինի կողմից կարող է օգտագործվել վարչական շրջանում ապաստանած չինացի այլախոհներին լռեցնելու համար:

Հոնկոնգի խորհրդարանում օրինագիծը քվեարկության կդրվի հունիսի 12-ին: