Լիտվան Ղրիմի թաթարների տեղահանությունը ցեղասպանություն է ճանաչել

Ղրիմի թաթարները մասնակցում են տեղահանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Կիև, 18 մայիսի, 2019թ.

Լիտվայի խորհրդարանը 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանությունը ճանաչել է որպես Խորհրդային Միության իշխանության կողմից իրականացված ցեղասպանություն:

Այդ մասին այսօր խորհրդարանն ընդունել է արձանագրություն և աշխարհին հորդորել է «համերաշխություն հայտնել Ղրիմի թաթարներին և շարունակել ապօրինաբար բռնազավթված Ղրիմը Ռուսաստանի մաս չճանաչելոու քաղաքականությունը»:

Արձանագրությունն ընդունվել է 77 կողմ 1 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Անցած ամսվա ընթացքում նմանօրինակ արձանագրություն է ընդունել նաև Լատվիայի խորհրդարանը:

Ուկրաինայի Գերագույն ռադան թաթարների տեղահանությունը ցեղասպանություն է ճանաչել 2015 թվականի նոյեմբերին:

Խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի ռեժիմը Ղրիմի թաթարներին մեղադրել է Գերմանիայի նացիստների հետ համագործակցելու մեջ և Ղրիմից տեղահանել է բոլոր թաթարներին:

Տասնյակ հազարավոր թաթարների գնացքներով տեղափոխել են Կենտրոնական Ասիա: Տեղահանման ճանապարհին շատերը մահացել են սովից և հիվանդություններից:

Տեղահանությունը վերապրածների մի մասն, ինչպես նաև տեղահանվածների ժառանգները 1980-ականներին սկսել են վերադառնալ Ղրիմ: