Փհենյանում, ենթադրաբար, գնդակահարել են միջուկային հարցերով բանագնացներին

Կենտրոնում՝ կապույտ փողկապով անձը, ենթադրաբար Կիմ Հյոկ Չոլն է, Պեկին, փետրվար, 2019թ.

Ըստ Հարավային Կորեայի աղբյուրների, Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել միջուկային հարցերով ԱՄՆ-ի հետ բանակցությունների գծով հատուկ բանագնաց Կիմ Հյոկ Չոլին և արտգործնախարարության ևս չորս աշխատակիցների:

Նրանք մեղադրվել են Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցած բանակցությունների ձախողման համար:

Կիմ Հյոկ Չոլին, մասնավորապես, մեղադրել են «ամերիկացիների օգտին լրտեսելու, բանակցությունների վերաբերյալ պատշաճ հաշվետվություն չներկայացնելու և ամերիկյան կողմի բուն նպատակները չըմբռնելու» համար:

Ենթադրվում է, որ այդ հինգ գործիչներին մարտին գնդակահարել են Փհենյանի «Միրիմ» օդակայանի տարածքում:

Այդ տեղեկությունը հրապարակել է «Չոսուն Իլբո» հարավկորեական պարբերականը, որը վկայակոչում է անանուն հյուսիսկորեական աղբյուր:

Հարավկորեական թերթը նշում է նաև, որ ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հետ անմիջական բանակցությունների մեջ ներգրավված Կիմ Յոնգ Չոլին ուղարկել են «երկրի հյուսիսում գտնվող աշխատանքային ճամբար՝ վերադաստիարակման համար»:

Փհենյանը և Վաշինգտոնը միմյանց են քննադատում բանակցությունների ձախողման համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է տվել, որ պատրաստ է երրորդ անգամ հանդիպել Կիմ Չեն Ընին բանակցությունները փակուղուց դուրս հանելու համար:

Կողմերը քննարկում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը սառեցնելու և հրթիռային փորձարկումները դադարեցնելու և դրա դիմաց պատժամիջոցներն աստիճանաբար թուլացնելու հնարավորությունը: