Ուկրաինան և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պայմանավորվել են համագործակցության նոր ծրագիր մշակել, որ պատրաստ կլինի հուլիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Դանիլյուկը հույս է հայտնում, որ երկրում տնտեսական կացության կայունացման համար անհրաժեշտ հաջորդ տրանշը Կիևը ԱՄՀ-ից կստանա առաջիկա ամիսներին:
«Մենք պայմանավորվել ենք ամռան ամիսներին ակտիվորեն համագործակցել Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային մյուս կառույցների ներկայացուցիչների հետ համեմատաբար նոր ծրագիր մշակելու ուղղությամբ: Այդ ծրագրի հաստատումը նոր լիցք կհաղորդի մեր երկրի զարգացմանը», - նշել է ուկրաինացի պաշտոնյան:
Պաշտոնական Կիևը և Արժույթի միջազգային հիմնադրամը ապագա ֆինանսական օգնության ծավալների մասին որևէ տեղեկություն առայժմ չեն հրապարակում: