Լոնդոնում չեն բացառում առանց փաստաթղթի ԵՄ-ից դուրս գալը

Մեծ Բրիտանիա - «Բրեքզիթ»-ի խնդրով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Լոնդոն, 26-ը մայիսի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացնելու, և Պահպանողական կուսակցությունը պետք է նոր լիդեր ընտրի:

Արդեն մի շարք գործիչներ հայտնել են Մեյին փոխարինելու համար պայքարելու ցանկության մասին: Եվ ով էլ լինի կուսակցության նոր ղեկավարն ու ստանձնի վարչապետի պաշտոնը, պարտավորված կլինի լուծել բրիտանական քաղաքականության այսօրվա ամենաբարդ հանելուկը՝ «Բրեքզիթ»-ի հարցը:

Թեկնածուներից մեկը՝ «Բրեքզիթ»-ի խնդրով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը երեկ ասել է, թե պետք է պատրաստ լինել առանց պատկան փաստաթղթի Եվրամիությունից դուրս գալուն, թեպետ դա, բոլորի համոզմամբ, առավել տհաճ ու մտահոգիչ տարբերակն է:

Նա երեկ ասել է, որ «Բրեքզիթ»-ի մեկնարկի ժամկետի երկարաձգում չի այլևս լինի, և հոկտեմբերի 31-ը վերջին համաձայնեցված տարբերակն է, ուստի բրիտանացիները պետք է ավարտին հասցնեն գործընթացը:

Ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի համոզմամբ էլ՝ Եվրոպական միությունը կմերժի «Բրեքզիթ»-ի նոր պայմանագիր քննարկելու առաջարկները:

«Նախ, Եվրամիությունը չի բանակցի, ինձ համար դա ակնհայտ է, նույնիսկ եթե Բրյուսելում կան դրա ջատագովները, դա չի հաջողվի հենց Եվրամիության ներքաղաքական հանգամանքների բերումով, այդ 27 պետությունների ոչ ամուր կոալիցիայի բերումով», - ասել է Համոնդը:

Թերեզա Մեյին փոխարինելու համար հայտ են ներկայացրել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Սթյուարթը:

Փաստորեն, Բրիտանիայում պատային իրավիճակ է․ մի կողմից՝ բոլորը համաձայն են, որ Եվրամիությունից պետք է դուրս գալ համաձայնագրով և հեռանալը դարձնել հնարավորինս կարգավորված ու հանդարտ, ընդդիմադիր լեյբորիստները հավատացնում են, որ նոր վարչապետին թույլ չեն տա երկիրը Եվրամիությունից դուրս հանել առանց պայմանագրի, բայց, մյուս կողմից, խորհրդարանն արդեն երեք անգամ մերժել է Թերեզա Մեյի առաջարկած փաթեթները, և որևէ փոխզիջման նշույլ այսօրվա դրությամբ դեռ չկա: