ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցում նորություն չկա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2016 թվականի ապրիլյան պարտերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո վարչապետի հետ քննարկում չի ունեցել: Այսօր «Ազատության» հետ զրույցում նախարարն ասաց՝ դեռ պետք է պարզել, թե հանձնաժողովը ինչ նպատակ է հետապնդում և ինչ խնդիրներ է լուծելու, չբացառեց՝ դրդապատճառները կարող են քաղաքական լինել:

Պաշտպանության նախարարը կարծում է, որ հանձնաժողովի նիստերի մի մասը դռնփակ կլինի, քանի որ պատերազմի վերաբերյալ բավականին մեծ քանակությամբ դասակարգված ինֆորմացիա կա: Չի բացառում, որ նիստերին գերատեսչությունը նախարարի մակարդակով ներկայացված լինի։ Հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարության օրը Փաշինյանը խոսեց նաև նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերի մասին, ովքեր փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի միջև: Վարչապետը ասաց նաև, որ այդտեղ տեսնում է դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցած Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր համար պարզ էր, ում մասին էր խոսում վարչապետը:

«Չեմ կարող ասել: Եթե դա Ապրիլյանն է, ուրեմն դա այն մարդկանց շրջանակն է, որոնք որոշումներ են կայացրել», - նշեց Տոնոյանը:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն վերջինս ոչ մի տեղեկություն չունի ձևավորվելիք հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի ու ձևաչափի մասին:

Որևէ նորություն չուներ նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ով ևս մասնակցել էր մայիսի 20-ին վարչապետի հրավիրած հանդիպմանը:

Ավելի վաղ Մակունցը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր, որ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններում սպասում են իշխանության քայլերին:

Ինչ վերաբերում է Արցախի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարություններին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովը խոցելի է լինելու, քանի որ այն պետք է գլխավորի Անդրանիկ Քոչարյանը, որ՝ «որովհետև ինքը ժամանակին պաշտոններ է զբաղեցրել, լավ կլինի՝ ինքը չլինի»:

Անդրադառնալով «դավադիր պատերազմի» մասին Փաշինյանի հայտարարություններին, Էդմոն Մարուքյանը ընդգծեց․ - «Վարչապետը այդ հայտարարությունը չպետք է աներ բաց, հրապարակային, որովհետև միանշանակ կարող է օգտագործվել մեր թշնամիների կողմից: Եթե նման կասկածներ կան, դա պետք է անել փակ ռեժիմում, անվտանգության խորհրդում: Ավելին ասեմ՝ եթե կան դավադիր ինչ֊որ մարդիկ, դավադրություններ նյութողներ, հարուցեք քրեական գործեր, ձերբակալեք»:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ տրամաբանական կլինի, որ հանձնաժողովում ներգրաված լինի նաև Արցախի ներկայացուցիչը: Այս հարցը, նրա փոխանցմամբ, քննարկվել է նաև «Իմ քայլը» խմբակցության և Բակո Սահակյանի՝ երկուշաբթի տեղի ունեցած հանդիպմանը:

«Սա այն հարցն է, որ բնական է՝ առանց Արցախի հետ համագործակցության հնարավոր չի լինի», - կարծում է Բաբայանը: