Արամ Ավետիս․ Մարդը ոչ թե այլախոհ է ծնվում, այլ նրան այլախոհ դարձնում են

Մայիսի 25-ի երեկոյան «Նոյյան տապան» գրատանը տեղի կունենա գրող, հրապարակախոս, կինոգետ Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը:

«Ազատության» հետ զրույցում Արամ Ավետիսը բացատրեց, թե ինչու է այդպես վերնագրել իր նոր ստեղծագործությունը․ - «Գլխավոր հերոսը, ում անունը Այլախոհ է, մարդ, ով ապրում է Երևան քաղաքում: Բայց այստեղ կարևոր չէ հենց Երևան քաղաքը, այստեղ քաղաքի փիլիսոփայությունն է ընդհանրապես, այսինքն՝ բոլոր քաղաքների մասին է: Որ անհատին շատ դժվար է ապրել կոնկրետ այս հասարակության մեջ, որտեղ ամեն ինչը հասցված է ինչ-որ մուտացված վիճակների՝ սկսած հայրենասիրությունից, մինչև ճարտարապետությունը: Այդ մարդու հոգեկան ապրումներ են այդ քաղաքում»:

Հեղինակն այս վեպի վրա սկսել է աշխատել երկու տարի առաջ, այն համարում է էքսպերիմենտալ վեպ: Գրքի նախաբանում Ալեքսանդր Թոփչյանը գրում է․ - «Դասական գրականության հումանիստական ավանդույթներով դաստիարակված և ձևավորված երիտասարդ արձակագիր Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացնող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ և միայն ցնորքներով կարող է ապրել: Հոռետե՞ս է արդյոք հեղինակը: Այո, այնքանով, որքանով հրաժարվում է գունազարդել մարդազերծ այդ իրականությունը»:

«Ազատության» հարցին, թե ինչն է դրդում երիտասարդ գրողին հոռետես լինել, Արամ Ավետիսն արձագանքեց․ - «Երևի այդ հասարակության վիճակից, ուղղակի այդ հասարակության մեջ ապրող մարդիկ, որոնք չեն կարողանում ընդունել ուրիշ տեսանկյուն: Մարդը ոչ թե այլախոհ է ծնվում, այլ նրան այլախոհ դարձնում են: Այսինքն՝ առանձնացնում են, քանի որ դու ուրիշ տեսանկյուն ունես այդ ամեն ինչի մասին ու դու չես սիրում այն, ինչը որ իրենք են սիրում: Անհանդուրժողականությունը, արհամարհանքը, իրենց ավելի խելացի ու մեծ կարծելը»:

Անդրադառնալով հարցին, թե ի վերջո ինչ հանգուցալուծման է գալիս իր վեպի հերոսը՝ հեղինակն ասաց․ - «Հանգուցալուծման չի գալիս: Ուղղակի ինքը հասկանում է, որ քաղաքի փիլիսոփայությունը հենց դա պիտի լինի: Ինքը կամ պիտի դուրս գա դրա միջից, բայց դուրս գալու համար ինքը ինչ-որ առումով պիտի մեռնի: Մտնելու համար էլ ինքը մի մասով պիտի մահանա: Այլ կերպ չի լինի»:

Արամ Ավետիսն ասաց, որ մտադիր է չորրորդ անգամ վերահրատարակել իր առաջին՝ «Կույր կետադրություն» գիրքը․ - «Ես «Անտարեսի» հետ խզեցի իմ պայմանագիրը, հիմա իմ ուժերով պետք է գիրքը տպագրեմ: Փոքրիկ իլյուստրացիաներ կլինեն գրքի մեջ, ինքը ավելի պատկերային կդառնա»:

Հարցին, թե իրեն ինչպես է զգում մեր քաղաքում, Արամ Ավետիսը պատասխանեց․ - «Ինչպես իմ գրքի հերոսը: Որովհետև եթե ես ուրիշ հոգեվիճակում լինեի, բայց գրեի, դա կլիներ սուտ: Բոլորի համար ինչ-որ մի ընդհանուր ճշմարտություն են ստեղծել, ու էդ ճշմարտության մեջ ինչ-որ մի մարդ կա, որ ուզում է իր ճշմարտությունն առաջ տանել, բայց չի տեղավորվում»:

«Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը սկսեր ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, դուրս գային իրենց սահմաններից, դուրս գային իրենց բեսթսելերային գրականություն կարդալուց ու մի քիչ փորձեին իրենց ես-ը գտնել: Իսկ այդ ես-ը գտնելու համար ամեն մեկը իր ճանապարհը ունի: Ոչ թե գնային նույն անցած արահետներով, այլ փորձեին իրենց համար արահետ ստեղծել: Ես այդ գրքի մեջ իմ ես-ն եմ պահում ու չեմ մտածում, թե ուրիշները ոնց են պահելու իրենց ես-ը, որովհետև դա ամեն մեկի անձնական կռիվն ու պայքարն է»: