Ավելացած հարկային եկամուտներից 7,4 մլրդ դրամը կուղղվի ճանապարհային ցանցի բարելավմանը

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու, համապատասխանաբար, ծախսերն ավելացվել են 7 միլիարդ 400 միլիոն դրամով: Նկատի ունենալով Հայաստանի ճանապարհային ցանցի ներկա իրավիճակը և ելնելով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհների առաջնահերթությունից՝ կառավարությունն այսօր փոփոխություններ ու լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ավելացված հարկային եկամուտներից վերոնշյալ գումարն ամբողջությամբ ուղղել «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրին, որից 2,554,987.3 հազար դրամը` «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», իսկ 4,845,012.7 հազար դրամը` «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ» միջոցառումների իրականացման համար:

Միաժամանակ, հաշվի առնելով ժամանակի սղությունը, առաջարկվում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն ներկայացնել 2,554,987.3 հազար դրամի սահմաններում հիմնանորոգվող օբյեկտների ցանկը` ներառյալ հեղինակային, տեխնիկական հսկողության աշխատանքների համար սահմանվող միջոցները: Որոշմամբ առաջարկվում է նաև մի շարք մարզերի 12 ճանապարհահատվածներում իրականացնել 78,59 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ` 4,845,012.7 հազար դրամ արժեքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ գումարները հատկացվում են 2019 թվականի բյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքում գեներացված միջոցներից: «7 մլրդ 400 մլն հատկացնում ենք ճանապարհաշինությանը: Շատ կարևոր է, որ մինչև այժմ արդեն պետական բյուջեի գծով հատկացված միջոցների շրջանակներում վերանորոգման աշխատանքները կատարվեն ճիշտ ժամանակին, ճիշտ ծավալներով և ճիշտ որակով», - ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշեց, որ այս տարվա համար նախատեսված 320 կմ ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա․ - «Այսինքն՝ այդ գումարները հիմա արդեն հատկացնում ենք, այստեղ խնդիրը մնում է, որ այդ աշխատանքները կատարվեն ժամանակին: Մենք վստահ լինենք, որ այս տարի հասցնելու ենք այդ բոլոր աշխատանքները անել: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը ոչ միայն ճանապարհների նորոգումն է, այն կարևոր գործիքներից է, որը պետք է իր հերթին խթանի տնտեսական աճը, որ մենք ունենք»:

Փաշինյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակի տվյալներով 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ է արձանագրվել, ինչը, ըստ նրա, շատ լավ ցուցանիշ է: «Շատ լավ ցուցանիշ է նրանով, որ դա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ կոնկրետ համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշն է, և սա այն պայմաններում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք հանքարդյունաբերության ոլորտի շատ լուրջ կրճատում ունենք, գիտեք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հիմա շատ կարևոր է, որ այդ աշխատանքներն արվեն ժամանակին և որակով, որպեսզի այս տնտեսական դինամիկան մենք կարողանանք պահպանել և պրոբլեմներ չառաջանան», - ընդգծեց վարչապետը: