«Իմ քայլը» չի միանա ԼՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արխիվ

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք այլ առաջարկ արեցինք, որը չընդունվեց, բայց մենք կարևորում ենք այդ թեմայով հանրային քննարկումը և անպայման կկազմակերպենք: Պարզապես բովանդակային առումով որոշակի շեշտադրումների հետ կապված ընդհանուր համաձայնության չեկանք: Մենք այդ ստորագրահավաքին չենք միանալու, որովհետև մեզ համար կային ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունում կարծում են, որ Ազգային ժողովը պետք է իր արձագանքը տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին, դրան հաջորդած իրադարձություններին և արդարադատության համակարգում լրջագույն փոփոխություններ անելուն:

Մյուս ընդդիմադիր խմբակցությունից՝ «Բարգավաճ Հայաստանից» փոխանցում են, որ հարցը դեռևս չեն քննարկել: Առանց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության ստորագրությունների՝ «Լուսավորին» չի հաջողովի արտահերթ նիստ հրավիրել՝ իր օրակարգով: