Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթում է կիրակնօրյա միջանկյալ ընտրություններում

Կիրակի օրը Վրաստանում կայացած միջանկյալ ընտրություններում պաշտոնական տվյալների համաձայն հաղթանակ են տանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները:

Արևմտյան Վրաստանում գտնվող Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում քվեների 54 տոկոսով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան:

Նրա հիմնական մրցակիցը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինն էր` Սանդրա Ռուլոֆսը: Նա ստացել է Զուգդիդիում գրանցված ընտրողների քվեների 42 տոկոսը: Ռուլոֆսի պնդմամբ ընտրությունները կեղծվել են:

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մթածմինդայի մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Լադո Կախաձեն, սակայն նրան չի հաջողվել ստանալ քվեների կեսից ավելին: Ընտրությունների երկրորդ փուլում իշխանության թեկնածուն պայքարելու է «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից առաջադրված Շալվա Շավգուլիձեի դեմ: