«Վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար»․ Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ։

Հայտարարությունում Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

«Վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառության հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար: Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության», - հայտարարել է Թաթոյանը:

Օմբուդսմենը խնդրել է նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ դատարանների շենքերն արգելափակող գործողություններից. պետք է բացառել ցանկացած լարվածություն:

«Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականություն, վիրավորում ու սպառնում են միմյանց: Սա վտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից: Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբ բարձր հարգանքով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում»,- ասված է հայտարարությունում:

Վարչապետը կոչ է արել վաղն առավոտյան արգելափակել դատարանների մուտքերը։