Մարտի 1-ի առաջին մեղավորը հիմա ճաղերի հետևում է, 11 տարի սպասել ենք այս դատին․ Մարտի 1-ի զոհերի ծնողներ

Ոստիկանությունը բաժանում է դատարանի դիմաց հակադիր ցույցերի մասնակիցներին, Երևան, 14-ը մայիսի, 2019թ․

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարության երկրորդ օրն ավելի լարված անցավ: Բացի երկրորդ նախագահի կողմնակիցներից դատարանի մոտ էին հավաքվել նաև Քոչարյանի քննադատները:

Ճանապարհի մի մայթին՝ դատարանի մուտքի մոտ, Քոչարյանի աջակիցներն էին, իսկ մյուս մայթեզրին այլ քաղաքացիներ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Կողմերին բաժանում էր ոստիկանների կազմած շղթան։

Վանկարկումներին հաջորդում էին փոխադարձ մեղադրանքներ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Փոխադարձ վիրավորանքներին հաջորդում էին քաշքշուկի փորձերը, որոնք տեղում կանխում էին ոստիկանները:

Չնայած Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների դիմադրությանը, ոստիկաններին և դատարանի կարգադրիչներին հաջողվեց այլ քաղաքացիների էլ ուղեկցել դատարանի դահլիճ, ինչը չէր հաջողվել նախորդ օրը: Այսօր դատարան էին եկել նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը և Տիգրան Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: Սարգիս Քլոյանը դարձյալ հայտարարեց՝ Մարտի 1-ի հանցագործության գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է:

«Սահմանադրական կարգը տապալել է, 2000 զինվոր Ղարաբաղից բերել է Հայաստանի մայրաքաղաք Երևան, թուլացրել է սահմանը, դա հերիք չի՞։ Առաջին մեղավորը, որ հիմա ճաղերի հետևում է, մնացածը իրան-իրան բացվելու է՝ ով հրաման տվեց, ով սպանեց, ով բերեց զորքը, ժամանակը ցույց կտա», - ասաց Սարգիս Քլոյանը։

Մարտի 1-ին զոհված Տիգրան Ֆարմանյանի հորը՝ Վաչագան Ֆարմանյանին չհաջողվեց մտնել դահլիճ: Ավելի ուշ էր եկել, դահլիճում տեղ չկար: «11 տարի պայքարել ենք հանուն այս օրվա, պատասխանատվության պատմական պահն է եկել», - ասաց Վաչագան Ֆարմանյանը:

«Ամենակարևորը ծնողներիս, ինձ, որ բացահայտվի իմ որդու սպանությունը։ Չէ՞ որ ինքն է հրամանատարը եղել՝ գերագույն հրամանատար, հանրապետության նախագահ։ Ում գնանք փնտրենք՝ իրա կողքը շարված են, հեսա հերթով գալու են։ Տասնյակներ, հարյուրներ են գալու, ոչ թե Օհանյան, Խաչատուրով, եսիմ ինչ։ Ամեն մեկն իր կաշին է փրկելու, բայց ոնց է փրկելու՝ էդ էլ Աստված գիտի», - նշեց Ֆարմանյանը։

Ռոբերտ Քոչարյանին զորակցելու համար դատարան էր եկել նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ես իբրև քաղաքացի կարծում եմ՝ յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացի պարտավոր է այս օրերին գոնե մեկ անգամ այստեղ լինել։ Ես եկել եմ իմ զորակցությունը հայտնելու նախագահ Քոչարյանին», - հայտարարեց Վարդանյանը։