Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Դավիթ Գրիգորյան

Դատարանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկ մեկնարկած նախնական դատական նիստին Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին՝ պատճառաբանելով, որ Դավիթ Գրիգորյանն ամիսներ առաջ հրաժարվել է քննել նախկին նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: