Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ և Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել, տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ:

Այնուհետև վարչապետը կմեկնի Բրյուսել:

Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: