Լրատվամիջոցների ազատությանը հետևող միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ ցնցված են վերջերս ուկրաինացի լրագրող Վադիմ Կոմարովի նկատմամբ դաժան հարձակման դեպքից, և Ուկրաինայի իշխանություններին կոչ են արել ամեն ինչ անել, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա:
Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում ասված է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Կոմարովի վրա հարձակման շարժառիթները պարզելու և հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար:
Կոմարովը հոսպիտալացվել է և վիրահատվել Կիևից մոտ 200 կիլոմետր հարավ գտնվող Չերկասի քաղաքում, նա կոմայի մեջ է: