Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ Բրատիսլավայում ելույթ ունենալով Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանը
Մնացականյանն Արևելյան գործընկերությունը բնութագրել է որպես Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ: Նա առավել կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը:
Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում Մնացականյանն արժևորել է մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:
Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարարը կարևորել է փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը:
Հանդիպմանը մասնակցել են Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ: