Լուկաշենկոյի թիկնազորի նախկին պետը կաշառք է ստացել ռուսական ընկերությունից

Լուկաշենկոյի թիկնազորի նախկին պետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Անդրեյ Վտյուրին, արխիվ

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն պաշտոնապես հաստատել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիկնազորի նախկին պետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Անդրեյ Վտյուրինի ձերբակալության մասին տեղեկությունները:

Բելառուսի անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ Վտյուրինը ձերբակալվել է այն պահին, երբ 148 հազար 600 դոլար կաշառք է ստացել Ռուսաստանում գործող ընկերություններից մեկի ներկայացուցիչներից:

Բելառուսի ՊԱԿ-ը չի հրապարակում ընկերության անվանումը` ներկայացնելով այն բացառապես մեկ տառով` «Գ»:

«Կաշառքի դիմաց Վտյուրինը պետք է Բելառուսի տարածքում առաջ տաներ ռուսական այդ ընկերության շահերը», - նշված է Պետանվտանգության կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Անդրեյ Վտյուրինը նախագահ Լուկաշենկոյի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել էր ապրիլի 24-ին՝ «զինծառայողի պատիվը արատավորող գործողությունների դիմելու» պատճառաբանությամբ: