Հաշմանդամության խումբ որոշելու դիմաց ԲՍՓ Լոռու հանձնաժողովում տասնյակ անձանցից կաշառք են պահանջել․ ԱԱԾ

ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ. Մ․-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «կաշառք ստանալը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կատարվում է նախաքննություն: