Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ստամբուլում գտնվող հայկական Վարդանանց եկեղեցում Հայոց ցեղասպանությունը նվիրված պատարագ, արխիվ

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ վաղը Ստամբուլում մի շարք հիշատակի միջոցառումներ են նախատեսվում, հաղորդում է «Ակօս» պարբերականը:

Առավոտյան ոգեկոչման պատարագ տեղի կունենա Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում:

Կեսօրին Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Սուլթանահմեդի հրապարակում հիշատակի միջոցառում կանցկացվի: Կազմակերպության տարածած հայտարարության համաձայն, «ցեղասպանության ու ժխտողականության դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար հավաքվելու են այն նույն շենքի դիմաց, որտեղ մեկ դար առաջ բանտում պահվում էին հայ մտավորականները մինչ աքսորի ուղարկվելը:

2011 թվականի ապրիլի 24-ին զիվորական ծառայության ժամանակ ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալըքչըի հարազատներն ու ընկերները կհավաքվեն Շիշլիի հայկական գերեզմանատանը՝ հիշելու նրա մահվան տարելիցը:

Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը այս տարի ևս ոգեկոչման արարողություն կանցկացնի: 1915 թվականի զոհերի հիշատակը հարգելու և մամուլի հաղորդագրություն կարդալու համար վաղը երեկոյան մարդիկ կհավաքվեն Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի մերձակա Շիշհանեի հրապարակում: