Դրամաշնորհներ են հատկացվելու, որ անհատներն իրականացնեն իրենց նախաձեռնությունները. ԱՄՆ դեսպան

Արդեն երկրորդ ամիսը Հայաստանում աշխատանքի անցած ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հասցրել է համտեսել հայկական գինին ու չրեղենը և շատ հավանել, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի նոր ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն է միտված:

«Ծրագիրն անհատի ներուժի զարգացմանն է միտված, դրամաշնորհներ են հատկացվելու, որ անհատներն իրականացնեն իրենց նախաձեռնությունները, լինի դա գինեգործության, այգեգործության, պտուղների արտահանման ոլորտներում», - նշեց Թրեյսին։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի՝ Card-ի նոր հնգամյա ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի առավելագույնը երեք միլիոն դոլար, ուղիղ կեսը նախատեսված է տրամադրել դրամաշնորհային մրցույթների հաղթողներին` 100 շահառուի առավելագույնը 15 հազար դոլարի չափով:

«Հայաստանի բնակչության 40 տոկոսից ավելին զբաղվում է գյուղատնտեսությամբ, մենք կարծում ենք այս ծրագիրը շատ կարևոր է», - ասաց Լին Թրեյսին։

Դեսպանի խոսքով՝ առողջ տնտեսության ձևավորումը կնպաստի նաև կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումներին: Լին Թրեյսին անդրադառնում է նաև կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությանը:

«Ինչպես հասկանում եմ, տնտեսական հեղափոխությունը առնչվում է բիզնես միջավայրում առկա խոչընդոտների վերացմանը, դրանց վերացումը բիզնեսներին հնարավորություն կտա ծաղկում և զարգացում ապրել», - ընդգծեց ԱՄՆ դեսպանը։

Ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանի խոսքով՝ սկզբում կընտրեն շահառու ֆերմերներին, այս փուլը կավարտվի 3 ամսից: «Այդ ընթացքում մենք հանդիպումներ ենք ունենալու և՛ մարզպետարանների, և՛ համայնքապետարանների հետ և վեր ենք հանելու այն բոլոր խնդիրները, որոնք կան այդ համայնքներում, հանդիպելու ենք նաև առաջատար ֆերմերների հետ», - ասաց Խաչատրյանը։

Սուսաննա Խաչատրյանը պարզաբանում է՝ ծրագրից օգտվել կկարողանան փորձառու բիզնեսմենները, իսկ սկսնակները դժվար թե 15 հազար դոլարով կարողանան առաջ գնալ:

«Էն ֆերմերները, որոնք իրենց միջոցներով ինչ-որ քայլեր արդեն արել են, առաջ են գնացել, հնարավորություն կունենան առաջ գնալ նաև էս փոքր աջակցության միջոցով», - ասաց ծրագրի ղեկավարը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվելու շահառուները, ծրագրի ղեկավարը պատասխանում է՝ հստակ մշակված մեխանիզմներ են լինելու, որոշումները կայացվելու են ներկայացվող բիզնես ծրագրերի հիման վրա։