ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան, արխիվ

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ Զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:

Արտակ Դավթյանն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը: