Երևանի փոխքաղաքապետ, մայրաքաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների խորհրդատվությամբ զբաղվող Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ քաղաքացու օրը բոլոր քաղաքներում նույնանման է անցկացվելու, մայրաքաղաքը տոնի կենտրոնում չի լինելու։
Արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները․ - «Սկսած առավոտյան ծառատունկ, այնուհետև հանրային քննարկումներ քաղաքացիական գիտակցության բարձրացման թեմայով: Այնուհետև բոլոր մարզերը իրենց մարզկենտրոններում կներկայացնեն իրենց կոլորիտը, մշակույթը»:
Կառավարության քայլը՝ գումար հատակցնել տոնական օրը միջոցառումներ անցկացնելու համար սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ էր դարձել, թե՝ 250 հազար դոլարով կառավարությունը կարող է այլ հրատապ հարցեր լուծել։
Քաղաքացիները այս հարցում միակարծիք չեն։
«Կարծում եմ, արժի էդ օրը նշել, բայց՝ մի քիչ սահմանափակ գումարով», - «Ազատությանն» ասաց մի կին:
«Քաղաքացիները եթե գոհ լինեն իրենց վիճակից, կարծում եմ, իրենք էլ կարող են նշել: Այդպիսի գումարներ ծախսելու կարիք չկա», - հավելեց մեկ ուրիշը:
Հնչեց նաև այսպիսի կարծիք․ - «Տոն է, տոնը պետք է ըստ պատշաճի նշվի: Բայց առանց փող ծախսելու կլինի՞ ինչ-որ բան անել»:
Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները բյուջեից քաղաքացու օրվա համար տրամադրվող գումարի վերաբերյալ քննադատություն չեն հնչեցնում իշխանությունների հասցեին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զգուշավոր է արտահայտվում։ Մարուքյանի խոսքով՝ եթե ինքը որոշողը լիներ, այդչափ գումար չէր հատկացնի։ Հիշեցնում է, որ նախկինում նման որոշումների համար ընդդիմությունը քննադատում էր իշխանություններին․ - «Եթե իշխանության ընտրողները դրա հետ որևէ խնդիր չեն տեսնում, ուրեմն նորմալ է»:
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ միջոցառումները կարվեն, կստենենք ու մեր խոսքը կասենք։
Խմբակցությունում, սակայն, դեմ չեն քաղաքացու օրը նշելուն, բայց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ պետք է հասկանան, թե ինչ նպատակով է ծախսվելու գումարը․ եթե այդ ամենից պետք է օգտվեն բոլոր քաղաքացիները, դեմ չէ՝ թող գումար հատկացվի․ - «Պատկերացրեք, օրինակ, գյուղական համայնքներից դպրոցական երեխաներին տեղափոխեն մայրաքաղաք՝ թանգարաններ այցելելու և այլն, և ծախսեր արվի դրա համար»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը չգիտի, թե մասնավորապես ինչի վրա է ծախսելու գումարները կառավարությունը: Լսել է, որ լուրջ միջոցառումներ են ացնկացվելու․ - «Ես կիսում եմ Քաղաքացու օրը ունենալու, նշելու բոլոր միտումները»: