Արցախի ԱԳ նախարարն այս ամիս կայցելի Հարավային Ամերիկա

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Արցախի արտգործնախարարն այս ամիս այցելելու է Հարավային Ամերիկա:

Մասիս Մայիլյանն Արգենտինայում և Ուրուգվայում քաղաքական հանդիպումներ է ունենալու տարբեր շրջանակներում, դասախոսություններ է կարդալու ու շփվելու է մամուլի ներկայացուցիչների հետ:

Հաստատվել է, որ Մասիս Մայիլյանը ապրիլի 23-ին և 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում մասնակցելու է և ելույթ է ունենալու Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված գլխավոր միջոցառումներին:

Ինչպես փոխանցել են Հայ դատի հանձնախմբից, Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ՀՅ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Արցախի արտգործնախարարը երկրորդ անգամ է այցելում Հարավային Ամերիկա: Առաջին այցը 1996 թվականին էր, երբ նախարարն էր Արկադի Ղուկասյանը: