Ալժիրի նախագահը հրաժարական կտա մինչև ապրիլի 28-ը

Ալժիրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ահմեդ Սալահ, նախագահ Աբլելազիզ Բուտեֆլիկա, արխիվ

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, որի հրաժարականն են պահանջում տասնյակ հազարավոր ցուցարարներ և զինված ուժերի վերնախավը, հաղորդել է, որ կազատի պաշտոնը նախքան ապրիլի 28-ին իր լիազորությունների ժամկետի ավարտը:

Ալժիրի հանրությունն ավելի քան մեկ ամիս շաունակ բազմամարդ ցույցերով պահանջում է ամբողջ իշխող վերնախավի հրաժարականը:

Բողոքի ցույցերը սկսել են այն բանից հետո, երբ 20 տարի իշխող վատառողջ և հաշմանդամի սայլակին գամված Բուտեֆլիկան հաղորդել է, թե ցանկանում է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահության թեկնածու:

82-ամյա նախագահը խոստացել է հեռանալ մինչև ապրիլի 28-ը, սակայն հրաժարականի ստույգ օրը չի հայտնել:

Ալժիրի օրենքների համաձայն, նախագահի հրաժարականի դեպքում նրա լիազորությունները երեք ամսով ստանձնում է խորհրդարանի վերին պալատի խոսնակը, և երեք ամիս անց տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ: