«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր․ Սա ակնհայտ ճնշում է լրատվամիջոցի նկատմամբ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյան

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը դեռ հարցաքննության չի կանչվել Հատուկ քննչական ծառայության կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Քնար Մանուկյանի խմբագրած թերթը մարտի 16-ի համարի առաջին էջում տպագրել է Հայաստանի երրորդ նախագահ, 2008-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ 2008-ի մարտյան իրադարձությունների վերաբերյալ: Ավելի վաղ թերթը հրապարակել էր այս գործի շրջանակում որպես վկա հարցաքննված Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի և 2008-ին Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մելքոնյանի հարցաքննություններից հատվածներ:

Դրանից հետո Հատուկ քննչական ծառայությունը զգուշացրել էր լրատվամիջոցներին, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, իսկ թերթի շաբաթօրյա համարի լույս ընծայումից հետո արդեն քրեական գործ հարուցեց:

Քնար Մանուկյան․ - «Ակնհայտ ճնշում լրատվամիջոցի նկատմամբ․ մինչ քրեական գործը հարուցելը հայտարարվեց զգուշացում: Սա սպառնալիք է, եթե ոչ ավել․․․ Քո գործունեությունը հնարավոր կերպ զսպելու, քո հետագա ընթացքը զսպելու ընթացք տեղի ունեցավ»:

Օրաթերթի հրապարակած ծավալուն սղագրությունում Սերժ Սարգսյանը ասել է, որ եթե ինքն էլ լիներ պաշտպանության նախարար, ապա ինքը ևս կստորագրեր զորքը զորանոցային վիճակի բերելու հրաման: «Ինչ կատարել են այդ ժամանակվա ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, ես համարում եմ, որ կատարել են օրենքի և իրենց իրավասության շրջանակներում և ես չեմ պատրաստվում իրավական գնահատականներ հնչեցնել», - ասել է նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանը հաստատել է նաև, որ Ղարաբաղից բանակային ստորաբաժանումներ են բերվել․ - «Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել և որևէ մեկին որևէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել»։

Քնար Մանուկյանը պնդում է, որ այս նյութերն իր ձեռքի տակ են հայտվել մինչև Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով ՀՔԾ կողմից նախաքննության ավարտի մասին հայտարարելը, և ինքը ասել է, որ դրանք կհրապարակի ավարտից հետո: Այդպես էլ արել է։

Մանուկյանն ասաց, որ իրենք շարունակելու են Մարտի 1-ի գործով ցուցմունքներ հրապարակել, և անգամ դատարանի որոշումը աղբյուրը բացահայտելու մասին, իրենց չի կաշկանդի․ - «Արդյունքի չեն հասնելու: Ես վստահեցնում եմ Ձեզ, ինչ որոշում կկայացնի դատարանը, ես մինչև վերջ կգնամ: Այն, ինչ ձգտում է այսօր Հատուկ քննչական ծառայությունը՝ պարզելու աղբյուր, պատասխանատվության կանչելու, ճնշելու լրատվամիջոցին, իրենք արդյունքի չեն հասնի: Մինչև վերջ կգնամ էն տեսանկյունից, որ կհասնեմ այն արդյունքին, որ երբեք իրենք չեն կարողանա ճնշել լրատվամիջոցին: Ես շարունակելու եմ իմ գործելաոճը՝ անկախ նրանից, որ այս փուլում Հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն պատասխանատվության մասին: Եթե անհրաժեշտ լինի, կարող են այլ ցուցմունքներ, որոնք կան իմ ձեռքի տակ, հրապարակվեն»:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն կազմելով: Իսկ մինչև նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն օրենքի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը պնդում է, որ իրենց տպագրածը նախաքննական գաղտնիք չէ․ - «Ինձ համար, որպես լրագրող, վերլուծելով իրավիճակը․․․ Նույն իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նույն հենց ինքը՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նույն սեպտեմբերի 11-ի հայտնի գաղտնալսման ընթացքում աղմկահարույց բացահայտումներ արեց, ցուցակ հրապարակեց»:

Քնար Մանուկյանը պնդում է, որ Մարտի 1-ի գործի մասին ցանկացած տեղեկատվություն հետաքրքրում է հանրությանը և որ իրենք առաջորդվել են հանրության շահով․ - «Մեզ համար հանրային շահը գերակա շահ է: Էս դեքպում ես, պահպանելով օրենքի բոլոր նորմերը զանգվածային լրատվության մասին, հրապարակել եմ: Ի վերջո, ես հրապարակող չեմ, ես տեղեկությունը տարածող եմ: Բոլորին հայտնի է, թե Մարտի 1-ի գործով ինչպիսի առանցքային դեմքեր կան, հանրությանը հետաքրքրող է, «Ժողովուրդ» օրաթերթի համար հանրային շահը գերակա շահ է, և այս դեպքում ես, պահպանելով բոլոր նորմերը, նախաքննության ավարտի մասին հրապարակել եմ տեղեկությունը»:

Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այլ տեղեկատվություն, բացի հարուցված քրեական գործի մասին պաշտոնականից, չունի։ Սարգսյանի փաստաբանն ասաց, որ տեղյակ չէ, թե «Ժողովուրդ» օրաթերթն ինչ է հրապարակել։ Այլ հարցերի փաստաբանը չպատասխանեց։