Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ակնարկել է, որ Բելգրադը կարող է ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն հնարավոր մեծ գործարքի շրջանակում ի պատասխան դրա պետք է ինչ-որ բան ստանա:
Այդ մասին Վուչիչը երեկ ասել է ANSA իտալական լրատվական գործակալությանը:
«Մենք պետք է նախ մի փոխզիջում գտնենք, մենք չենք կարող պարզապես ճանաչել Կոսովոն՝ առանց որևէ բան շահելու», - ասել է Վուչիչը:
«Ես համոզված եմ, որ մեր եվրոպացի բարեկամների օգնությամբ, Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի և այլ երկրների աջակցությամբ մենք կարող ենք լուծում գտնել», - նշել է Սերբիայի նախագահը:
Կոսովոն Սերբիայի մաս է կազմել 1999 թվականի դրությամբ, երբ ՆԱՏՕ-ն սկսել է ռմբահարել Սերբիան, պարտադրելով, որ սերբերը դադարեցնեն երկու տարի տևած պատերազմում ալբանացիներին արտաքսելու գործելակերպը:
Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ն շարունակում է ապահովել Կոսովոյի անվտանգությունը, սակայն լարվածությունը երկու բալկանյան հարևանների միջև պահպանվում է:
Արևմտյան դաշնակիցները Սերբիային և Կոսովոյին հորդորում են բարելավել հարաբերությունները:
Եվրոպական միությունը հայտնել է, որ դա է Սերբիային և Կոսովոյին անդակակցություն տրամադրելու հիմնական պայմանը:
Անցած մի քանի ամիսների ընթացքում Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի բանակցություններում որոշակի առաջխաղացում է նկատվել, սակայն այդ միտումը կանգ է առել, երբ Կոսովոն 100 տոկոսի մաքսատուրք է սահմանել սերբական արտադրանքի նկատմամբ:
Պրիշտինան հայտարարել է, թե այդ քայլին է դիմել, քանի որ Բելգրադն արգելափակում է Կոսովոյի կապերը միջազգային կառույցների հետ:
Այնուամենայնիվ, փետրվարին Թաչին ասել է, որ «բանակցություններում ի հայտ է եկել գործարքի լավ հնարավորություն»: