Պորոշենկոն պաշտոնանկ է արել ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի փոխնախագահին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնանկ է արել ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի փոխնախագահ Օլեգ Գլադկովսկուն՝ վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալից հետո:

Շաբաթներ առաջ հրապարակված լրագրողական հետաքննությունը պնդել էր՝ նախագահի հետ սերտ կապերով հայտնի պաշտոնյայի որդին ռուսական սարքավորումներ է վաճառել ուկրինական բանակին ինքնարժեքից զգալի բարձր գներով, ինչի արդյունքում պետական բյուջեն միլիոնավոր գրիվենի վնաս է կրել:

Պորոշենկոն պնդել է, թե նրան պաշտոնանկ անելով չի հաստատում այս մեղադրանքները, այլ ընդամենը պայմաններ է ստեղծում արդար քննության համար: Սկանդալը ծագել է մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, որտեղ Պետրո Պորոշենկոն, ըստ հարցումների, երկրորդն է՝ դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկուց հետո: