Կայացել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումներից, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը:

Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել են դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:

Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ իր հանդիպումների, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները:

Զրուցակիցները տեսակետներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: