«Բրեքզիթի» շուրջ հերթական քննարկումները Բրյուսելում կառուցողական էին․ Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, արխիվ

Փակուղում հայտնված «Բրեքզիթի» շուրջ հերթական քննարկումները կառուցողական էին: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ կառույցի ղեկավարների հետ հանդիպումից հետո:

Չորեքշաբթի երեկոյան Մեյը բանակցություններ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ և պայմանավորվել մինչև այս ամսվա վերջ կրկին հանդիպել:

Կողմերը քննարկում են, մասնավորապես, Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողության հարցը: Նախատեսվում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի Եվրամիության մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ, եթե Լոնդոնը և Դուբլինը չկարողանան համաձայնության գալ ներիռլանդական սահմանի թափանցիկության շուրջ:

Ժան-Կլոդ Յունկերը, մինչդեռ, ակնկարկել է, թե այդքան էլ լավատես չէ «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում: Ի դեպ, Եվրահանձնաժողովի նախագահը տեսախցիկների առաջ է հայտնվել դեմքին վիրակապով: Նա շտապել է զգուշացնել լրագրողներին, որպեսզի այդ վերքի համար չմեղադրեն Թերեզա Մեյին, և պարզաբանել է՝ առավոտյան սափրվելիս անզգույշ շարժում է արել և վնասել դեմքը: