Համայնքների պալատի յոթ լեյբորիստ անդամներ լքել են հարազատ կուսակցության շարքերը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբին, արխիվ

Մեծ Բրիտանիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության` լեյբորիստների շարքերն այսօր լքել են Համայնքների պալատի միանգամից յոթ անդամներ:

Բրիտանացի պատգամավորները պնդում են, որ վերջին տարիներին Լեյբորիստական կուսակցության գաղափարախոսության հիմնաքարերից մեկը դարձել է «ինստիտուցիոնալ հրեատյացությունը»:

«Մենք տարիներ ի վեր Լեյբորիստական կուսակցության անդամներ ենք եղել: Ոմանք այս կուսակցությանն անդամակցել էին երեք տասնամյակ առաջ: Բայց Լեյբորիստական կուսակցությունը, որին մենք անդամակցել էինք, որին հավատում էինք և որի քարոզարշավներին էինք մասնակցում, այլևս գոյություն չունի: Մենք արեցինք ամեն ինչ՝ այն փրկելու համար, բայց այժմ այդ կուսակցությունը առևանգվել է ծայրահեղ ձախակողմյան քաղաքական համակարգի կողմից», - այսօր Լոնդոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Նոթինգեմից ընտրված Քրիս Լեսլին: