«Ուկրաինայի անկախության և անվտանգության միակ երաշխիքը անդամակցությունն է Եվրամիությանը և ՆԱՏՕ֊ին». այսօր Կիևում կազմակերպված «Բաց երկխոսություն» կոչվող քննարկման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Միայն Եվրամիությանը և ՆԱՏՕ֊ին լիիրավ անդամակցությունը կարող է անդառնալիորեն երաշխավորել Ուկրաինայի պետական անկախությունը, ազգային անվտանգությունը և բարեկեցությունը», ֊ նշել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի խոսքով երկրի եվրատլանտյան ինտեգրումը կնպաստի նաև տնտեսական կացության բարելավմանը:
«Անդամակցությունը այդ կառույցներին կհանգեցնի ներդրումային մթնոլորտի բարելավմանը: Մասնավորաբար, դա կապահովի ուղղակի օտարեկրյա ներդրումների ծավալը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջետային եկամուտների աճին: Աճ կարձանագրեն նաև աշխատավարձերը և կենսաթոշակները», ֊ հայտարարել է Պորոշենկոն: