Ֆրանսիան հետ է կանչել Հռոմից իր դեսպանին

Ֆրանսիան իտալական իշխանություններին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ և խորհրդակցությունների համար հետ է կանչել Հռոմից իր դեսպանին:

«Մի քանի ամիս շարունակ Ֆրանսիան հայտնվել էր անհիմն ու պարբերական հարձակումների թիրախում», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ Հռոմի այդ պահվածքն աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Հայտարարությունից երկու օր առաջ Իտալիայի փոխվարչապետ, պոպուլիստական «հինգ աստղերի շարժման» առաջնորդ Լուիջի դի Մայոն Փարիզում հանդիպել էր «դեղին ժիլետների» ակտիվիստներին, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի դեմ: Իտալական կառավարության մյուս փոխվարչապետը՝ Մատտեո Սալվինին էլ շարունակ քննադատում է Ֆրանսիայի իշխանություններին ու անձամբ նախագահ Մակրոնին՝ ներգաղթյալների հարցում, իր համոզմամբ, ծայրահեղ ազատական քաղաքականության համար: