ԱՄՆ-ը բանակային նոր ստորաբաժանումներ է տեղակայում Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով

ԱՄՆ ԶՈւ ինժեներական բրիգադի զինծառայողները փշալարեր են տեղադրում Մեքսիկայի հետ սահմանին, նոյեմբեր, 2018թ․

Պենտագոնը ևս 3 հազար 750 զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահմանային գոտի` ներգաղթի ծառայության և սահմանապահ ուժերի ծառայողներին աջակցելու, ինչպես նաև 240 կիլոմետր ընդհանուր երկարությամբ փշալար տեղադրելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այս մասին հայտարարել է երեկ` նշելով, որ այդպիսով Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողների թիվը կհասնի 4 հազար 350-ի:

Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ զինվորականները Մեքսիկային սահմանամերձ գոտում կմնան մինչև սեպտեմբերի 30-ը: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենանի խոսքով՝ ամերիկացի զինվորականները Մեքսիկայի հետ պետական սահմանի երկայնքով փշալարից բացի նաև տեղանքի դիտարկման նոր սարքավորումներ կտեղադրեն: