ՄԻԵԴ վերին պալատն այսօր կհրապարակի 2006-ին Ռուսաստանից վրացիների արտաքսման գործով որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին պալատն այսօր կհրապարակի որոշումը՝ 2006 թվականին Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստանից զանգվածաբար արտաքսելու գործով:

Հինգ տարի առաջ դատարանի ստորին ատյանը բավարարել էր Վրաստանի դիմումն ու փաստել, որ Ռուսաստանի իշխանությունները Վրաստանի քաղաքացիների «համակարգված ձերբակալություններ ու արտաքսումներ են իրականացրել»՝ միտումնավոր ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Ռուսաստանը բողոքարկել էր վճիռը դատարանի Մեծ պալատում, որի որոշումը վերջնական է:

Ըստ Թբիլիսիի, Ռուսաստանի իշխանությունները 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007-ի հունվարը Վրաստանի ավելի քան 2 հազար 300 քաղաքացիների են ձերբակալել ու բռնի ուժով արտաքսել: Ռուսական կողմը, մինչդեռ, պնդում է, թե այդ գործողություններն ուղղված են եղել ոչ թե վրացիների դեմ, այլ՝ ապօրինի միգրացիայի և կազմակերպված հանցավորության: