Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ, Վաշինգտոնը և Թալիբան շարժումը պայմանավորվածություններ են ձեռք բերել

Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադ

Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադը The New York Times պարբերականին հայտնել է, թե Միացյալ Նահանգները և «Թալիբան» շարժումը ընդհանուր հայտարարի են եկել Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնագրի շուրջ:

Ամերիկացի դիվանագետի խոսքով, համաձայնությունները ձեռք են բերվել ԱՄՆ և «Թալիբան» շարժման պատվիրակությունների միջև Քաթարում կայացած հնգօրյա բանակցությունների ընթացքում:

Այդ պայմանավորվածությունների համաձայն, «Թալիբանը» պարտավորվելու է թույլ չտալ ահաբեկչական կառույցների` նախևառաջ «Ալ Քաեդայի» մուտքը Աֆղանստանի տարածք:

«Եթե «Թալիբանի» ներկայացուցիչները հարատև հրադադար հայտարարեն և բանակցություններ սկսեն Աֆղանստանի կառավարության հետ, ամերիկյան զորքերը կարող են դուրս բերվել երկրի տարածքից», - գրում է ամերիկյան պարբերականը: