Գուտերեշը ողջունել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել հունվարի 16-ին Փարիզում:

Գլխավոր քարտուղարը գովասանքով է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը կողմերի նվիրվածության մասին և մասնավորապես գնահատել է երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու՝ երկու նախարարների պայմանավորվածությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: