«Անշեղ պետք է գնանք կառավարության կազմը, կառուցվածքը փոխելու ճանապարհով». Փաշինյան

«Նախընտրական խոստում ենք տվել, որ կառավարության կազմը, կառուցվածքը պետք է փոխվի և նախարարությունների թիվը պետք է կրճատվի, և մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ այս պրոցեսի նպատակը ոչ թե փող խնայելն է, այլ՝ կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելը։

«Ես ուզում եմ ուղղակի արձանագրել հետևյալը, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը, սա թերևս միակ նպատակն է, որը կարելի է և արժե ձևակերպել։ Այս առումով իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշեց, որ թեմայի շուրջ կառավարությունում տարբեր ֆորմատներով քննարկումներ են ունեցել և համոզված են՝ պետք է շարժվել այս ճանապարհով։

«Մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով և, ըստ էության, Հայաստանի քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը։ Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր բոլոր կոնֆիգուրացիաների մասին և կկայացնենք առավել բալանսավորված որոշում», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Անդրադառնալով Սփյուռքի նախարարությանը՝ կառավարության ղեկավարը նշեց. - «Թյուր տպավորություն կա, թե մենք ուղղակի ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա, ընդհակառակը՝ տվյալ դեպքում խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ, և այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի, և մենք այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կունենանք սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ կհասնենք համաձայնության և կոնսենսուսի։ Էլի եմ ասում՝ այստեղ մեր խնդիրը հարաբերությունների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, որպեսզի փոխադարձաբար գոհ լինենք ինչպես ընթացքից, այդպես էլ արձանագրված արդյունքներից»: «Մենք կգնանք հետևողական, հաստատուն և մտածված քայլերով, և համոզված եմ, որ արձանագրված լուծումները պիտի ապացուցեն իրենց կենսունակությունը և, իհարկե, պետք է գոհացնեն բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանում պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով և այդ խնդիրը համարում են իրենց լուծելիք խնդիրը», - ասաց Փաշինյանը:

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախարարությունների թիվը կկրճատվի 5-ով՝ դառնալով 12։ Լուծարվում է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը միանում է Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը միանում է Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Որոշ փորձագետներ անընդունելի են համարում նման փոփոխությունները՝ նշելով, որ ստեղծվում են սուպերնախարարություններ, որոնք ընդամենը դանդաղեցնելու են պետական ապարատի գործունեությունը՝ չափազանց մեծ ծավալի պատճառով։