Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է: Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում մառախուղ է:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից էլ տեղեկացրել են, որ ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա: