Պաշտպանը Սահմանադրական դատարանում վիճարկում է համաներման մասին օրենքի դրույթները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու համաներման մասին օրենքի դրույթները։

Ըստ օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության, Պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը և կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինի կողմից դեռևս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը: Արդյունքում, թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում և անձին ազատել պատժից:

«Ստացվում է, որ վերջնական դատական ակտի բացակայության պայմաններում և նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, իսկ մեկ այլ դեպքում՝ նշանակված պատժաչափը համաներման արդյունքում կրճատվել: Ըստ այդմ, Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ արձանագրելով, որ նշվածն առաջացնում է օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի խախտում, ինչպես նաև հակասում է Սահմանադրության՝ որոշակիության, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին: Դիմումում նշված հետևություններն ամրապնդված են միջազգային չափանիշների վերլուծությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ 2018-ի նոյեմբերին քրեական գործերով​ համաներում հայտարարվեց։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6․5 հազար անձանց վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

Վերջին տասը տարիների ընթացքում սա արդեն չորրորդ համաներումն է։