Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարները եղել են առաջնագծում

Դեկտեմբերի 31-ին, ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով, Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում, տեղեկացնում է ԼՂ ՊՆ պաշտոնական կայքը։

«Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հարավային սահմանահատվածում տեղի ունեցած «Սահմանապահ խաչքարի» բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև եղան մարտական հենակետերում», ֊ ասված է ՊԲ հաղորդագրությունում։ ֊ «Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած շփումների ընթացքում պաշտպանության նախարարներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյանները ջերմորեն շնորհավորել են մարտական հերթապահություն կրող զինծառայողների Նոր տարին և հանձնել ամանորյա նվերներ, միաժամանակ հետաքրքրվել են տեղերում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակով»։

Շրջայցի ընթացքում նախարարները եղել են նաև ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում, այդ թվում՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպել են բուժման մեջ գտնվող զինվորներին և նրանց մաղթել արագ և լիարժեք ապաքինում: