Կարեն Նազարյանը՝ Հայաստանի դեսպան Վատիկանում, Տիգրան Սեյրանյանը՝ Ուկրաինայում

ՀՀ ԱԳ փոխնախարար, այժմ՝ Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը 2013 թվականից զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը՝ Միքայել Մինասյանը, ով հետ կանչվեց անցած ամսվա սկզբին:

Կարեն Նազարյանը մինչ նոր նշանակումը Հայաստանի արտգործնախարարի տեղակալն էր, ավելի վաղ եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, Իրանում ՀՀ դեսպանը:

Նախագահը այսօր հրամանագրեր է ստորագրել նաև Տիգրան Սեյրանյանին Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու և նրան Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու, Աշոտ Հովակիմյանին Չեխիայում ՀՀ դեսպան նշանակելու, Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին՝ նույնպես վարչապետի առաջարկություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշումներով Կարեն Նազարյանը և Աշոտ Հովակիմյանը ազատվել են ԱԳ նախարարի տեղակալների պաշտոններից, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքէջը։