Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Փաշինյանին, Ծառուկյանին և Մարուքյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից:

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ նոր Ազգային ժողովում ներկայացված կլինեն «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը, որոնք ստացել են, համապատասխանաբար, քվեների 70,43 տոկոսը, 8,27 տոկոսը և 6,37 տոկոսը: