«Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել». Օսիպյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ազատություն». - Դուք արդեն ունեի՞ք տեղեկություններ, որ նա կեղծ անձնագրով է շրջագայում։

Օսիպյան. - Տեսեք՝ ամիսներ առաջ, երբ որ մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և ոստիկանության ուժերի, և նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ, և տվեց իր դրական արդյունքը։

«Ազատություն». - Նրան արդեն տեղափոխե՞լ են Հայաստան։

Օսիպյան. - Դեռ ոչ, համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զբաղվում է։ Կարևորը՝ որ ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը։

Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ դեկտեմբերի 6-ին հայտնաբերվեց Պրահայում։

Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, այն բանից հետո, երբ իրավապահները վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոց և զենքեր: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում: