Վրաստանի նախագահի փեսան ձերբակալվել է ապօրինի զենքի համար

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանում ձերբակալվել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Ըստ ներքին գործերի նախարարության, ձերբակալությունն իրականացվել է Թբիլիսիի ծայրամասերից մեկում՝ վարձով տրվող բնակարանում, որտեղ իրավապահները ատրճանակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել: Գոգոչուրիից բացի դեպքի վայրում եղել է նաև նրա ընկերը, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված:

Պաշտոնավարումն ավարտող նախագահի փեսան առաջին անգամը չէ, որ հայտնվում է աղմկահարույց պատմության մեջ: Ավելի վաղ երկու անգամ նրա նկատմամբ մահափորձ էր իրականացվել, այս տարվա հուլիսին նա հիվանդանոց էր տեղափոխվել դանակով հասցված, 2017-ին էլ՝ հրազենային վնասվածքներով: