Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև 2019-ի մարտ թույլատրվեց՝ կես տարում ղեկը տեղափոխելու պայմանով

Կառավարությունը այսօր որոշում ընդունեց, որով թույլատրվում է մինչև եկող տարվա մարտի 1-ը ներմուծել, վեց ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները:

Ինչպես նշեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը, որոշման համաձայն՝ Հայաստանի մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թվականի մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները կներմուծվեն «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, որը հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծել Հայաստան, մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել Ոստիկանությունում ու ազատ շահագործել երկրի տարածքում:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագիծը կազմվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը՝ աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում:

Աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ աշնանը բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ շեշտելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և իրենք փորձել են մեքենաներ ներկրել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ մշտական: